Չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնա խորհրդարանի նախագահի պաշտոնին: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերջինս անդադարձել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակին եւ պարզաբանել, թե ինչու է իր անունը երրորդ, իսկ Աբրահամյանի անունը` երկրորդ հորիզոնականում: Ըստ վարչապետի, ցուցակը կազմելիս փորձ է արվել խուսափել սուբյեկտիվիզմից եւ զբաղեցրած պաշտոնները հաշվի չեն առնվել: «Ցուցակը կազմվել է զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանմամբ»,- նշել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ցուցակում ընդգրկվել են նախ կուսակցության գործադիր մարմնի անդամները, ապա ՀՀԿ-ին սատարող ուժերը, գործադիրի ներկայացուցիչներն ու մարզպետները: Վերջիններիս հաջորդում են մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները:
Տիգրան Սարգսյանը նաեւ հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կստանա:
Անդրադառնալով ԵԿՄվարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ներգրավմանը համամասնական ցուցակում, Տիգրան Սարգսյանն ասել է. «Նա իր կենսագրությամբ ապացուցել է , որ ինքն այս պետության եւ ժողովրդի նվիրյալ զավակն է: Կարծում եմ, որ մեր ընտրողները շատ հարգալից են վերաբերվում մեր հերոսներին, մանավանդ Արցախյան ազատամարտի»:




























