Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Երեւանի խորհրդի անդամների հետ: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Տարոն Մարգարյանն անդրադարձել է  բարեկարգման ու կանաչապատման ծրագրերին եւ նշել է, որ արդեն սկսվել է պուրակների  համալիր բարեկարգման գործընթացը, որի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչապատմանն ու նոր կանաչ գոտիների ստեղծմանը, ինչպես նաեւ ոռոգման ցանցերի արդիականացմանը: Անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվելու երիտասարդների պատրաստակամությանը`  Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը միշտ էլ բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ առողջ համագործակցության համար:

Այս համատեքստում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը առաջարկել է քննարկել Մաշտոցի պողոտային հարակից պուրակում երիտասարդ քանդակագործների  աշխատանքների տեղադրման հնարավորությունը, ինչն, ըստ նրա, եւս մեկ կարեւոր նշանակություն կարող է ունենալ պուրակի` որպես հանգստյան գոտի, նպատակային օգտագործման տեսանկյունից: Տարոն Մարգարյանը խոստացել է առաջարկը ներկայացնել համապատասխան մասնագետների քննարկմանը:

Հանդիպման վերջում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի խորհրդի անդամները քաղաքապետին են նվիրել իրենց կողմից լայնաշերտ ապակու վրա փորագրված Երեւան քաղաքի հատակագիծը: