Այսօր` մարտի 22-ին ժամը 09.00-21.00 հայտարարվել էր Նոր Նորքի 2-րդ զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:

Ըստ «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Հյուսիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանի, պատճառը Մոլդովական փ. թիվ 27 բարձրահարկի բակային ցանցի անմխիթար վիճակն էր, որի պատճառով տարիներ շարունակ հնարավոր չէր լինում այնտեղ ապահովել կայուն ջրամատակարարում:

Խնդրի լուծման նպատակով Ընկերության պատվերով «Էմօշին» ՍՊԸ-ն հատուկ տվյալ շենքի համար կառուցել էր մոտ 270 մետր երկարությամբ 100մմ տրամագծով ջրագիծ, որի միջոցով նախատեսվում է մայրուղային ջրատարից բարձր ճնշման ջուր մատակարարել 18 հարկանի բնակելիին: Իր հերթին, «Հյուսիս» տեղամասի մասնագետները պետք է ավելի ցածր ճնշում պահանջող հարակից ուսանողական հանրակացարանների ներքին ցանցը, վթարներից խուսափելու համար, միացնեին համապատասխան ջրագծի: Դրանից բացի, հարկ էր տեղադրել երկու նոր փական, որի շնորհիվ հետագայում վթարների դեպքում ջրազրկումները կկրեն զուտ տեղային բնույթ, այլեւս կարիք չի լինի ջրազրկել ամբողջ թաղամասը, ինչպես այսօր: Ի վերջո, որոշվեց բոլոր աշխատանքները համատեղել եւ իրականացնել մարտի 22-ին, սպառողներին նվազ անհարմարություն պատճառելու համար:

«Շինարարության ընթացքում պարզվեց նաեւ, որ շենքի հարակից տարածքում ձեւավորվել էր մի շատ խճճված բաշխիչ հանգույց, որը նույնպես խոչնդոտում էր ջրամատակարարմանը: Մենք որոշեցինք այն հնարավորինս պարզեցնել, ապամոնտաժել բոլոր ավելորդ կամ վթարային վիճակում գտնվող գծերը, ինչի շնորհիվ թե բաշխիչ ցանցի կառավարելիությունը կբարձրանա եւ թե ջրի կորուստը կնվազի»,- ասել է Սպարտակ Մկրտչյանը: