Թիվ 11 ընտրատարածքում չեն գրանցել «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Էդուարդ Մադաթյանին («Խուճուճ Էդո»), քանի որ ոստիկանությունը նրան չի տրամադրել վերջին 5 տարում մշտապես Հայաստանում բնակության մասին տեղեկանքը:

Նշենք, որ նա հանդիսանում է Մհեր Սեդրակյանի խնամին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս ընտրատարածքում ընտրապայքարի մեջ են մտնելու ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), ՀԱԿ ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը, անկուսակցական Կարեն Սմբատյանը:

Ոստիկանությունն այս կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.

«Ոուսումնասիրվել է Էդուարդ Ավետիքի Մադաթյանի` վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու եւ վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը: Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերադարձի վկայականով 13.08.2008 թ. Է.Մադաթյանը մուտք է գործել Հայաստան: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվական բազայում առկա տվյալների 06.12.2004 թ.-05.08.2008 թ. ընկած ժամանակահատվածում Է. Մադաթյանը եղել է հետախուզման մեջ եւ այդ ընթացքում գտնվել  Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Էդուարդ Մադաթյանի կողմից վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով եւ  ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված «վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու» պահանջին:

Վերոգրյալի հիման վրա եւ հաշվի առնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները`  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից Է.Մադաթյանին գրությամբ տեղեկացվել է, որ 15.03.2012 թ. տրամադրված տեղեկանքներում առկա տեղեկատվության փոխարեն վերջինս հիմք ընդունի տեղեկատվությունն առ այն, որ  չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում  մշտապես բնակվող եւ  մերժվում է նրան վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների տրամադրումը: Գրության պատճեններն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով»:

Նշենք, որ այսօր  «Հայկական ժամանակը» գրել էր, որ Է. Մադաթյանը 4 տարի չի գտնվել Հայաստանում: Դեռեւս 2004թ աշնանը Էդուարդ Մադաթյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` Ոոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով, իսկ 2004-ի դեկտեմբերի 6-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հետախուզման չորս տարիների ընթացքում բազմիցս մամուլում նշվել է, որ նա Հայաստանում չէ, ինչը հաստատել էր նաեւ ինքը՝ Մադաթյանը, 2008-ի օգոստոսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ չորս տարի դրսում մնալուց հետո, ստանալով ՀՀ գլխավոր դատախազի համաձայնությունը, որոշել էր վերադառնալ Հայաստան։ 

«Իսկ հիմա ՀՀ ոստիկանությունը Էդուարդ Մադաթյանին տեղեկանք է տվել՝ այն դեպքում, երբ նա այս տարվա մարտի 1-ից հաշված՝ վերջին հինգ տարվա 60 ամիսներից Հայաստանում գտնվել է 42 ամիս 18 օր, այսինքն՝ 17 ամիս 12 օր հանրապետությունից բացակայել է», - գրել էր թերթը։