Ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի մատակարարման գործում ծագել են անկանխատեսելի խնդիրներ: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքում:

Մասնավորապես` ծովում ալեկոծության բարձր աստիճանի պատճառով պարարտանյութով բեռնված նավերին կառամատույց չի տրամադրվում եւ բեռնաթափում չի իրականացվում, իսկ հատկացված դիզելային վառելանյութի դիմաց գումարների հավաքագրման գործընթացը դանդաղ է ընթանում:

Գյուղնախարարությունն առաջարկել է ազոտական պարարտանյութը եւ դիզելային վառելանյութը Հայաստանի Հանրապետության համայնքներ մատակարարելու համար վերջնաժամկետ սահմանել 2012 թվականի մայիսի 1-ը: կառավարության նախկին որոշմամբ դիզվառելիքի մատակարարման վերջնաժամկետը մարտի 20-նն էր, իսկ ազոտական պարարտանյութինը` ապրիլի 10-ը:

Կառավարությունը մարտի 22-ի նիստում համաձայնություն է տվել գյուղնախարարության առաջարկությանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախկին որոշումներով մարզերին պետք է բաշխվի 25 հազ. տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկը 6000 դրամ արժեքով եւ 12.6 հազ. տոննա դիզվառելիք` 1 լիտրը 350 դրամ արժեքով: