Բաքվի եւ Անկարայի հարաբերություններում մեծ անվստահություն կա եւ խնդիրը միայն հայկական հարցը չէ: Այդ մասին գրում է Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը` անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների հեռանկարին:

Ըստ Ջոնսի, ԱՄՆ պետքարտուղարությունն այս տարվա սկզբին հայ-թուրքական հարաբերությունները փակուղու մեջ մտնելու համար խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին: Սակայն, «փոխարենը Անկարան «բավականին մեծ պարգեւ է ստացել» Բաքվի կողմից» :

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանը ստորագրել է դեպի էներգետիկ «քաղց» ապրող Թուրքիան բնական զազի մատակարարման մի քանի գայթակղիչ գործարք, ինչպես նաեւ եւս մեկ պայմանագիր, որով նախատեսվում է Թուրքիան դարձնել Ադրբեջանում արդյունահանվող էներգակիրների բաշխողն ամբողջ տարածաշրջանում», - գրում է հեղինակը՝ հավելելով. «Անկարան ցանկանում է տարածաշրջանային էներգետիկայի կենտրոն դարձնել Թուրքիան, եւ այս գործարքները նպաստում են նաեւ, Անկարան դադարեցնի Իրանից ներմուծվող էներգակիրներից իր կախվածությունը, քանի որ Իրանի  նկատմամբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ է գործադրում»:

Ջոնսը նաեւ նշում է, թե Ադրբեջանը տեղյակ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում Թուրքիայի վրա հետզհետե ավելացող ճնշման մասին, քանի որ Անկարան Երեւանի հետ հարաբերությունների բարելավումը դիտում է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Թուրքիային շարունակաբար ներկայացվող պահանջները դադարեցնելու հիմնական հնարավորություն:

«Անցյալ ամիս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելուց հետո Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ «դիվանագիտական փոթորիկ» է տեղի ունեցել»,- գրում է Ջոնսն ու հավելում. «Դիվանագիտական մեկ այլ հնարավոր փոթորիկ կարող է առաջանալ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված փորձերը վերսկսելու պատճառով: Սակայն Անկարայի համար խնդիր է մնում այն, թե ինչպես է հնարավոր, առանց Բաքուն օտարելու, բարելավել հարաբերությունները Երեւանի հետ: Սպասվում է, որ այս մարտահրավերի լուծումը Թուրքիայի համար կդառնա գնալով ավելի մեծ կարեւորություն ունեցող դիվանագիտական առաջնահերթություն»: