Բրյուսելում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կայանալու է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ արտգործնախարարների մակարդակով: Դա առաջին նմանատիպ հանդիպումն է նախորդ տարվա ռուս-վրացական հակամարտությունից հետո, երբ Մոսկվայի եւ Դաշինքի հարաբերությունները զգալիորեն վատացան:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի խոսքով, նախատեսված հանդիպման համար պատարստվել է երեք ռազմավարական փաստաթուղթ: Խոսքը գնում է հաջորդ տարվա աշխատանքային ծրագրի, ընդհանուր սպառնալիքներին դիմագրավելու, նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի կատարելագործման եւ կառուցվածքային փոփոխությունների համար: Նա նաեւ նշել է, որ բոլոր երեք փաստաթղթերը համաձայնեցված են եւ սպասում են նախարարների հաստատմանը՝ նկատելով, որ Ռուսաստանի մոտեցումները հաշվի են առնվել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ ներկայացնելու է ռուսական կողմը, արդեն ժամանել է Բրյուսել:
Հարկ է նշել, որ նախօրեին Բրյուսելում բանակցություններ են ընթացել ՆԱՏՕ-ի եւ Դաշինքին անդամագրվելու ցանկություն ունեցող երկրների ղեկավարների միջեւ: Դաշինքը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ մի շարք երկրներ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին, երբ համապատասխանեն չափորոշիչներին:




























