Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր` ապրիլի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանում ծանոթացել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկար տարիներ անբարեկարգ մնացած գետնանցումն այսօր ամբողջությամբ նորոգված ու լուսավորված է եւ այսուհետ կծառայի իր նպատակին:
«Գնահատելով կատարված աշխատանքը` շատ կարեւոր է, որ մեզնից յուրաքանչյուրն իր հերթին պահպանի եղածը, որպեսզի օրվա ցանակացած պահի կարողանանք անվտանգ ու ապահով օգտվել գետնանցումից»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մայիսի 9 փողոցի 51 հասցեի բակում շուտով կկառուցվի խաղահրապարակ, իսկ հատուկ ֆուտբոլասերների համար` այստեղ մեկնարկել են ժամանակակից փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները: Բարեկարգվող բակից կօգտվեն ոչ միայն այս երկու, այլեւ հարակից շենքերի բնակիչները:
Կանաչապատ ու ծաղկապատ հանգստի գոտի կունենան նաեւ Գարեգին Նժդեհի փողոցի 16 եւ 18 շենքերի բնակիչները: Այդ նպատակով այժմ անցկացվում է ոռոգման ցանց, փոխվում են նաեւ եզրաքարերը:
Հետագայում այգին կապահովի գիշերային լուսավորությամբ, կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կգործարկվի նաեւ տարածքի շատրվանային ավազանը: Տարոն Մարգարյանը բնակիչներին հավաստացրել է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով եւ տեղում հանձնարարել պատասխանտուներին` բարեկարգման աշխատանքներից հետո տարածքի պահպանման նպատակով շուրջօրյա հսկողություն սահմանել:




























