Գարնանային արձակուրդի ավարտից հետո զանգվածային դրամահավաք է սկսվել Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում:
Խմբագրություն դիմած ծնողները հայտնեցին, որ այս դրամահավաքը «ամենամյա ավանդույթ է» եւ իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար գումարներ հանգանակելու անվան տակ:
Աշակերտների ծնողների խոսքով, նախկին տնօրենի փոփոխությունից հետո նրանք հույս ունեին, որ այս «ավանդույթը» կվերանա, սակայն նոր տնօրենը եւս պահպանեց հին բարքերը:
Իսկ դրամահավաքը տեղի է ունենում հետեւյալ սցենարով. բոլոր դասարանների աշակերտներին դպրոցի տնօրինությունը եւ ուսուցիչները հորդորում են ամեն օր դասարանում տեղադրված հանգանակությունների արկղում գումար գցել եւ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում դասղեկներն ամեն առավոտ հսկում են, թե որ աշակերտն որքան փող է գցել եւ առավել շատ գումար հանգանակածները հատուկ գովեստի են արժանանում ուսուցիչների կողմից:
Ծնողները բողոքում էին, որ եթե սա լիներ մեկ կամ մի քանի օր, ապա գոնե տանելի կլիներ, բայց գումար պետք է նվիրաբերվի ամբողջ ամսվա ընթացքում եւ քիչ գումար հանգանակող երեխաները բողոքելով են գալիս տուն, թե՝ մեզ էլ շատ գումար տվեք արկղը գցելու համար:
Ծնողների խոսքով իրենք բողոքել են թաղապետարան, սակայն ապարդյուն եւ կարծում են, որ մամուլի միջոցով իրենց ձայնն ավելի շուտ տեղ կհասնի եւ ապօրինի դրամահավաքը կդադարեցվի:




























