Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այսօր` ապրիլի 4-ին, այցելել են Շիրակի մարզ։ NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ  Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի դահլիճում ԱԻ նախարար Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու եւ ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար դրամական պարգեւներ է հանձնել Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարարների:

«Այս տարվա ընթացքում նախատեսում ենք մարզերի գյուղերում, հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծել, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ եւ օպերատիվ արձագանքմանը, եւ այս հարցում եւս ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը, - նշել է նախարար Երիցյանը:

 ԱԻ նախարարը  կատարել է իր տված խոստումը եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությանը նվիրել է «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց նոր ավտոմեքենա, որը կահավորվել եւ հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու եւ տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Մարզային փրկարարական վարչությանը հանձնվել է նաեւ շարժական էլեկտրակայան: «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնացը կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի եւ սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով եւ տաք ծածկոցներով։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատն Աղվորիկ գյուղի մերձակայքում օգնության էր հասել եւ ձնաբքից դուրս բերել հղի կնոջը հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան։ Նույն օրը Ծաղկուտ գյուղի մոտ ջոկատի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձնաբքի մեջ մնացած հիվանդ երեխային եւ նրան հիվանդանոց տեղափոխող ծնողներին: