Երեւանում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը: Միջոցառման շրջանակում նաեւ ցուցահանդես է բացվել: Համաժողովի բացմանն ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգով ուզում են պահանջատեր քաղաքացու դաստիարակել, ամրացնել հասարակության, հատկապես՝ երիտասարդության կապը բանակի հետ:

Համաժողովն առիթ էր՝ եւս մեկ անգամ խոսելու զինծառայողների խնդիրների մասին: Այս անգամ նախագահն առանձնացրեց բնակարանային խնդիրը: Սերժ Սարգսյանը խոսեց ազատասիրության եւ հայրենասիրության մասին՝ հիշելով Վազգեն Սարգսյանի արտահայտությունը. տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ասաց՝ Հայաստանին տիրոջ ազատությամբ եւ տիրոջ պատասխանատվությամբ քաղաքացիներ են պետք:

Իսկ համաժողովին մասնակցող պաշտոնյաներին լրագրողները մի շարք հարցեր ունեին, մեծ մասը՝ կապված խորհրդարանական ընտրությունների եւ դրանց հաջորդած քաղաքական զարգացումների հետ: Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցին. լուրեր են պտտվում, որ Կարեն Կարապետյանը դեմ է, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի Դաշնակցության հետ: Հերքեց. արդեն բանակցություններ են ընթանում:

Նախընտրական քարոզչության շրջանում Արարատում լուրջ միջադեպեր գրանցվեցին, այդ թվում՝ դանակահարություն: Այս դեպքերին, սակայն, Արամայիս Գրիգորյանն իր՝ բավական մեղմ որակումն ունի. բարձր խոսակցություններ են եղել:

Մանվել Գրիգորյանին նոր Ազգային ժողովում կտեսնե՞նք: Մեր թղթակցի հարցին Գրիգորյանը հարցով պատասխանեց:

Օրեր շարունակ խոսվում է նաեւ Երեւանի քաղաքապետի ունեցվածքի մասին: Թեման բարձրացրել էր Տարոն Մարգարյանի հետ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Զարուհի Փոստանջյանը: Մարգարյանն առաջարկում է ավելի մանրամասն ուսումնասիրել իր հայտարարագրերը: Ինչ ունի՝ ներկայացրել է, թաքցնելու բան չունի:

Աղբահանության եւ սանիտարական վիճակը հանրապետությունում պարզապես ողբերգական է: Կառավարության այսօրվա նիստում հարցը քննարկվել է ու որոշվել վերահսկողության աշխատանքներում նույնիսկ ոստիկանությանը ներգրավել: Կարեն Կարապետյանը հանձնարարեց՝ հենց այսօրվանից սկսել «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացումը: Նաեւ մարզային ղեկավարներին պետք է խիստ զգուշացնել. աղբ թափեք՝ կտուգանենք:

Պետք է խիստ ու կոշտ լինել նաեւ ընդերքօգտագործման ոլորտում: Գործադիրը մանրամասն կվերստուգի տրամադրված լիցենզիաները, կգնահատի շրջակա միջավայրի վրա ընդերքի օգտագործման իրական ազդեցությունը, հետո էլ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկի:

Քննարկումները թեժացան կրթության փոխնախարարի ներկայացրած հարցի ժամանակ: Կրթության նախարարությունը պետբյուջեից լրացուցիչ գումար է խնդրում՝ բուհական համակարգում պետպատվերով լրացուցիչ ուսումնական տեղերի համար: Կարեն Կարապետյանը հիմնավորում պահանջեց, Մանուկ Մկրտչյանը չկարողացավ ներկայացնել: Կարապետյանը լրացուցիչ ժամանակ տվեց՝ բոլոր հարցերին լիարժեք հիմնավորում ներկայացնելու համար: Նաեւ առաջարկեց գործող սահմանափակումների մեջ տեղավորվել:

Մայիսի 9-ին նշելու ենք Հաղթանակի եւ խաղաղության տոնը: Օրը երեքշաբթի է, եւ առաջարկ կար մայիսի 8-ը ոչ աշխատանքային սահմանել ու փոխարենն աշխատել մայիսի 13-ին: Դավիթ Հարությունյանը նոր առաջարկ ներկայացրեց՝ աշխատանքային սահմանել մայիսի 20-ը, ու հիմնավորեց, թե ինչու:

Կառավարությունը նաեւ երկու ընկերությունների՝ «Արարատի գինու գործարան»-ին եւ «Լիդիան Արմենիա»-ին երեք տարի ժամկետով ազատեց ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից: Սա ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում է: Սուրեն Կարայանը նշեց, որ այդ ընթացքում ընկերությունները պետք է ժամանակակից սարքավորումներ ներկրեն եւ նոր աշխատատեղեր ստեղծեն:

Տրանսպորտային ոլորտում էլ որակյալ մեքենաների, տրանսպորտի սպասարկման մակարդակի բարձրացում, ճանապարհների վիճակի բարելավում է սպասվում: Նախարար Վահան Մարտիրոսյանը վարչապետի հետ քննարկվել է տրանսպորտային ոլորտին «հեղափոխական լուծում տալու հարցը», բայց հեղափոխական բարեփոխումների համար հսկայական գումարներ չունեն: 5-ամյա ծրագիր են ներկայացրել՝ տարեկան 100 մլրդ դրամի ներդրում նախատեսելով: Հսկայական միջոցներ են, այդ պատճառով փորձում են չավելացնել բյուջեի բեռն ու այլընտրանք որոնել:

«Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը Քաղցրաշենի խաղողագործների պարտքը դեռեւս չի վճարել: Գյուղնախարարը տեղյակ է, բայց առայժմ ոչինչ չի կարող անել: Ասում է՝ «Վինար»-ի հետ գործարքում ամեն ինչ անօրինական է. լիցենզիա չունի, սպիրտ չունի, դրա համար էլ գործը հասել է իրավապահներին: Ինքը ոչ ոքի չի ստիպել խաղողը հենց այդ գործարանին հանձնել:

Կառավարության շենքի դիմաց քաղցրաշենցիներն Իգնատի Առաքելյանին հույսով լի էին սպասում: Գյուղնախարարը, սակայն, ստիպված էր հիասթափեցնել: Կառավարությունը չի կարող «Վինար»-ի փոխարեն վճարել գյուղացիների պարտքը: Գյուղացիներն Առաքելյանին իրենց առաջարկն ունեին:

Մոսկվայում երեկ երեկոյան սպանվել է հայազգի գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: 61-ամյա Բաղիրյանին գնդակահարել է նրա նախկին գործընկերը: Կրակոցները հնչել են, երբ գործարարը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել իր գրասենյակից: Ժամանակին նրանք համատեղ փոքր գործարան են ունեցել, սակայն, գործընկերոջ խոսքով, Բաղիրյանն իրեն 3 մլն դոլարի չափով պարտք ուներ եւ հրաժարվում էր վերադարձնել: Սպանվածի թիկնապահը ձերբակալել է կրակողին ու հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Ըստ տեղեկությունների՝ ծանոթները Բաղիրյանին մի քանի անգամ զգուշացրել են նման դեպքի հնարավորության մասին: Վերջին շրջանում Բաղիրյանի գործերը վատ էին ընթանում, նրան նաեւ մեղադրում էին բազմաթիվ մարդկանց պարտքերը չվճարելու մեջ: 2016 թվականին քաղաքային պաշտոնյաները նույնիսկ դատի են տվել նրան եւ շահել դատը: Բաղիրյանն ու նրա երեխաները պետք է շուրջ 11 մլն ռուբլի վճարեին:

Արագածոտնում ողբեգրական ավտովթար է տեղի ունեցել: Զովասար գյուղի մոտ «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով երկու մարդ է մահացել, 2 վիրավոր կա: Մահացածների եւ վիրավորների ինքնությունը պարզում են:

Դոլարի անկումը չի դադարում, իսկ եվրոն ամրապնդում է դիրքերը: Արդյունքում ապրիլի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 8 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Ապրիլի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն: