«Հայասա» եւ «Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, մայիսի 8-ի երեկոյան ժամը 20:00-ին, հավաքվել են Երեւանի Կասկադի համալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Շուշիի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվածների անմահ հիշատակին:
Նրանք Կասկադ համալիր-Հաղթանակի զբոսայգի երթուղով, անցկացրել են դրոշներով, մոմերով ու ծաղիկներով երթ:
«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ելույթ է ունեցել Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն, «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաեւ «Հայրենապաշտ» միության նախագահության անդամ Արման Կարապեյանը:
Ըստ «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանի երթին մասնակցող երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը խոսում է ներկայիս երիտասարդության ակտիվության եւ ազգասիրության մասին: Երթը ամփոփվեց ներկաների հայրենանվեր երգերով, ողջույններով եւ արտասանությամբ:
Հիշեցնենք, որ «Հայասա» երիտասարդական կազմակերպությունը միավորում է Հայաստանում գրանցված 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:




























