News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը գերադասում է ձեռնպահ մնալ իր որդու` երեկ` սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ռեստորանի աշխատակիցներին ահաբեկելու, օդ կրակելու միջադեպի հետ կապված մեկնաբանություններ տալուց` նշելով, որ ամեն ինչ ցույց կտա գործի քննությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը:

Իսկ թե ինչ է եղել իրականում, ապա դատախազի տեղակալը նշեց, որ դեպքից հետո որդուն չի տեսել, ձերբակալել, տարել են: «Էլեկտրոնային լրատվամիջոցների ինֆորմացիան ամեն ինչ ուռճացված է եւ որոշակի նպատակով որոշակի անձնաց կողմից տրված բան է»,- ասաց նա:

Իսկ թե ովքեր են «այդ մարդիկ», նա չցանկացավ նշել` հավելելով, որ «ժամանակը կգա, կասի»:

Ինչ վերաբերվում է Արմավիրի մարզի դատախազի տեղակալին պաշտոնանակ անելուն, ապա նա նշեց, որ այդ մասին որեւէ մեկը որեւէ բան չի առաջարկել. «Իմ մեղքը չի, որ պաշտոնանկ անեն, բայց ես եթե բան գտնեմ, ինքս կներկայացնեմ դիմում: Եթե պարզվի, որ իմ որդին մեղավոր է, կներկայացնեմ դիմում, դրանից բացի` հնարավոր մինչ այդ էլ դիմում ներկայացնեն, որպեսզի չկաշկանդվի քննությունը»,- ասաց Սերժիկ Մինասյանը` չբացառելով, որ հենց այսօր էլ աշխատանքից ազատման դիմում կներկայացնի: Նա չցանկացավ պատասխանել մեր այն հարցին, թե իր որդու արարքի մեջ` որպես ծնող, իր մեղավորությունը տեսնում է, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի  դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա: «Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաեւ պատմեց, որ  երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը եւ վճարել է. «Երեւի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել էր նա:

Սեւակ Մինասյանը մոտ 30-31 տարեկան է, ամուսնալուծված է, ունի երկու երեխա: Նա երկու տարի առաջ առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Սեւակ Մինասյանը ձերբակալվել է

Տպել
Ամենաշատ