News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում եւ գերեվարվել վերջիններիս կողմից:

ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որեւէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ եւ հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ավելին, տեղեկացնում ենք, որ «haqqin.az» կայքում տեղադրվել եւ հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը: Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական եւ ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա եւ վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետեւանքով խախտվել են Ժնեւյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:

Մասնավորապես, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից եւ հանրային հետաքրքրությունից»: Հետեւաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց եւ կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել:

Բացի այդ, Ժնեւյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Ժնեւյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եւ կկանխվեն անցանկանալի հետեւանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի եւ Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 եւ 2010թթ. գերեվարվել եւ սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել եւ որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն եւ կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ եւ կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետեւանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել եւ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ եւ շուտափույթ վերադարձը Հայաստան»,- նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ