Վրաստանում վթարի ենթարկված հայտնի հաղորդավար Արամ Չախոյանին թեեւ արգելված է խոսել, բայց նա NEWS.am-ի թղթակցին մի քանի մանրամասներ է փոխանցել դեպքից: Նրա խոսքով՝ իրենք հրավիրված էին մասնակցելու օգոստոսի 22-24-ը կայանալիք Միջազգային երաժշտական փառատոնին, այդ նպատակով ընկերների հետ գնում էին Վրաստան: Ղեկին նրա ընկերն էր` Էդուարդ Սարգսյանը: «Ես քնած էի հետեւի նստատեղին, հարվածի պահը չեմ հիշում, ուշքի եկա արդեն, երբ մեքենայից հանել էին»,- նշեց նա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արամ Չախոյանի եւ Էդուարդ Սարգսյան վիճակը նորմալ է, բավարար: Նրանք հիվանդանոցից դուրս կգրվեն մյուս շաբաթ, Արամը դեռ 40 օր պառկած պետք է լինի, որից հետո կսկսի քայլել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 համարանիշերի ավտոմեքենաները:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել էր սահման, դիմավորել նրանց եւ բերել Երեւան:





























