Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել իր` Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ, քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալված Հովհաննես Գրքիկյանի հարցով ԱԺ գալու մասին լուրերը: «Օդի մեջի խոսակցություններ եմ, չեմ ուզում խոսել»,- մեզ հետ զրույցում ասաց նա եւ անմիջապես անջատեց հեռախոսը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ կային նաեւ, թե Գյումրիի նախկին քաղաքապետին ուղեկցել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Նա նշեց, որ երբ մտնում էր նիստերի դահլիճ` քվեարկության, պատահաբար հանդիպել է Վարդան Ղուկասյանին, «բարեւել եմ, ասացի` ոնց եք. լավ եք, ու գնացել եմ քվեարկության»:
Պատգամավորը նշեց, որ Վարդան Ղուկասյանին ուղեկցում էր Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Իսկ թե ում հետ է ԱԺ-ում հանդիպել Վարդան Ղուկասյանը եւ ինչ խնդրով էր եկել օրենսդիր մարմին, անհայտ է:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, թե երեկ խորհրդարան է ժամանել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին ԱԺ-ում ուղեկցել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Վարդանիկը հանդիպել է ԱԺ նախագահին եւ, մեր տեղեկություններով, աջակցություն խնդրել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ, քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալված Հովհաննես Գրքիկյանի հարցում, ում հետ մտերիմ է»,-գրել է թերթը:





























