News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10-ին սովորականի պես Մարինե Քոչարյանը մետրոյով աշխատանքի էր գնում, երբ «Սասունցի Դավիթ» եւ «Գործարանային» կայանարանների արանքում, «Գրանդ Քենդի» գործարանի դիմաց գնացքը կանգ առավ։ Հինգ րոպե անց պարզ դարձավ, որ էլեկտրաէներգիայի համապետական անջատման պատճառով անորոշ ժամանակով մնալու են գնացքի մեջ։

«Պատուհանները բացեցինք, որ մի քիչ օդ լինի. ահավոր շոգ էր։ Մի ժամից ասացին, որ մարդիկ կգան մեզ օգնելու ու կայարան տանելու»,- NEWS.am-ին պատմեց Մարինե Քոչարյանը։

Մեկուկես ժամից փրկարարների ուղեկցությամբ ուղեւորները դուրս են բերվել գնացքից։

«Շատ զգույշ էինք քայլում ռելսերի արանքով, որովհետեւ ամեն վայրկյան կարող էին լույսերը տալ,  իսկ այնտեղ հոսանք կար, վտանգավոր էր»,- պատմեց Մարինեն։

Մարինեի խոսքով՝ իրենց վագոնում խուճապ չի եղել, քանի որ գնացքը դրսում էր. «Բայց գիտեմ, որ թունելի մեջ եղած մարդիկ ահավոր վախեցել են, պանիկա է եղել»։

Գնացքում փրկարարներին սպասողները, հատկապես երիտասարդները, չեն ձանձրացել. ծանոթացել են, մտերմացել։

«Երիտասարդների մի խումբ կար, այնքան էին մտերմացել, որ վերջում իրար տուն էին ուղեկցում»։

Սպասման մեկուկես ժամվա ընթացքում նույնիսկ ռոմանտիկ ծանոթություններ են եղել։

«Ասպետ ոստիկաններ, որոնք առիթից օգտվեցին ու կաբլուկավոր աղջիկներին օգնելու ընթացքում մի լավ մտերմացան նրանց հետ»,- Մարինեն գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Մարինեի արած լուսանկարը, որում մարզից եկած աղջկա հետ երկաթգծով քայլում է «հոգատար» ոստիկանը՝ աղջկա ծանր պայուսակը ձեռքին,  կարելի է համարել օրվա լուսանկարը։

Տպել
Ամենաշատ