Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջիկա օրերին դիմելու է Եվրոպական դատարան դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:
«Վարդան Պետրոսյանին համոզված եմ, որ անօրինական են պահում: Կալանքի տակ պահելու ժամկետն արդեն լրացել է, առաջին ատյանի դատարանը պետք է կալանքը երկարացներ, սակայն դա չի արել ու հիմա Վարդան Պետրոսյանն անորոշ ժամանակով մնում է կալանավորված: Դրա համար դիմելու ենք Եվրոպական դատարան՝ պաշտպանյալին ազատ արձակելու համար: Եվրոպական դատարանում արդեն նման նախադեպային իրավիճակ եղել է, երբ մարդուն անօրինական պահել են կալանքի տակ, հայցվորը դատը հաղթել է՝ ըստ 5-րդ կոնվենցիայի»,- ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկա դատական նիստին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայից հրավիրված փաստաբանները, որոնք նույնպես հնարավոր է դատարանին միջնորդություն ներկայացնեն դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Հիեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «ՎԱԶ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «ՎԱԶ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:



























