News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի կայացրած որոշման շուրջ բլից-հարցազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Պրն. Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ Կոսովոյի հարցով կայացրած որոշումը, ըստ որի Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը չի հակասում միջազգային որեւէ օրենքի:

Իհարկե, հայտնի է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը խորհրդակցական նշանակություն ունի: Սակայն դա չի կարող նսեմացնել որոշման կարեւորությունը: Ավելին, այս որոշումը բացառիկ է այն առումով, որ վերաբերվում է եվրոպական հակամարտությանը, քանի որ նման որոշումներ այլ տարածաշրջանների վերաբերյալ դատարանն անցյալում ունեցել է: Այդ առումով եւս այս որոշումը կարեւոր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք որոշումը, ապա պետք է ի պատիվ դատարանի ասել, որ ԱՄԴ-ն հավատարիմ մնաց միջազգային իրավունքի նորմերին:

Բայց կա տեսակետ, որ Հաագայի դատարանի որոշումը առավելապես քաղաքական, այլ ոչ իրավական դրդապատճառներ ուներ։

Ընդհանրապես, ցանկացած հարց, առավել եւս` հակամարտությունների կարգավորումն, ունի մի շարք բաղադրիչներ` քաղաքական, իրավական, պատմական, հոգեբանական եւ այլն: Եվ հաջողություն կարող է ակնկալել այն կողմը, որն արդյունավետ է աշխատում բոլոր ուղղություններով: Ցավոք, Հայաստանում մշտապես թերագնահատվել է իրավական բաղադրիչի նշանակությունը, մինչդեռ այն Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի ամենաուժեղ կռվանն է: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացումն անթերի է: Սրանք սոսկ խոսքեր չեն: Ի տարբերություն նրանց, ովքեր սոսկ նման հայտարարություններ են անում, թե առանձին հոդվածներով եւ թե մենագրությամբ, որն ի դեպ մի քանի օր առաջ լույս տեսավ արդեն անգլերեն, կարողացել եմ դա ապացուցել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հակամարտության վերլուծությամբ: Ընդ որում, ցույց տալով, որ Կոսովոյի  համեմատ Լեռնային Ղարաբաղն ունի մի շարք առավելություններ: 

Կարելի՞ է ասել, որ մյուս նմանատիպ հակամարտությունների դեպքում միջազգային  հանրությունը կրկին նման դիրքորոշում կցուցաբերի: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, մասնավորապես, ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում:

Նախադեպը կարեւոր գործոն է, սակայն միջազգային իրավունքի շրջանակներում այն նորմաստեղծ նշանակություն չունի: Անգամ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դեպքում, որտեղ միջազգային իրավունքի տեսակետից ամեն ինչ արվել է անթերի, հաջողություն ակնկալելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք եւ հայկական կողմի ռազմավարության արմատական վերանայում: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես ցանկացած դատարան, որոշումներ է ընդունում ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլեւ կողմերի բերած փաստերի ու փաստարկների հիման վրա: Անգամ ամենաարդարացի դիրքորոշումը կարող է աջակցություն չստանալ, եթե դրանք խնամքով պատրաստված չլինեն: Ոչ թե դատարանն է պարտավոր դա անել, այլ շահագրգիռ կողմերը, առավել եւս խնդրի էության նենգափոխմանն  ուղղված ադրբեջանական ջանքերի եւ մի շարք շահագրգիռ կողմերի ոչ բարենպաստ հետաքրքրությունների պարագայում: Եվ ամենակարեւորը: Եթե Հայաստանի Հանրապետությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ապա նախ ինքը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի շահերը բանակցություններում պետք է ներկայացնի ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ ներկայացուցիչ: Հակառակ դեպքում հնարավոր չէ հաջողություն ակնկալել` փաստորեն նպաստելով Ադրբեջանի պնդման ուժեղացմանը, որ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի: Ավելին, շարունակելով ներկայացնել ԼՂՀ-ն բանակցություններում` Հայաստանի իշխանությունները ամրապնդում են նաեւ Մինսկի խմբի համանախագահների անհեթեթ տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին հիմնական սկզբունքներն ու լուծումները ճշտելուց հետո:  Ցավոք, դա միակ սխալը չէ: Մասնավորապես, առանց որեւէ հիմքի հայկական կողմը մի կողմ է դրել 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, մինչդեռ Կոսովոն նոր հանրաքվեի չգնաց: 

Հայաստանի իշխանությունները գոնե այսօր պետք է հասկանան, որ անհրաժեշտ է օր առաջ հրաժարվել տղայական մոտեցումներից ու 90-ականների սկզբին ձեւավորված իրենց կաղապարված ու հիմնովին արատավոր պատկերացումներից` հակամարտության լուծման հնարավորությունների եւ , մասնավորապես, այդ նպատակով միջազգային իրավունքի նորմերի կիրառման վերաբերյալ:

Զրույցը վարեց Անի Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ