News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հայտնի երգիչները, կամ մշակույթի այլ բնագավառում գործող հայտնի մարդիկ զբաղվում են նաեւ գործարարությամբ։ Նրանց բիզնեսի մասին երկրպագուներից շատերը թերեւս չգիտեն։ NEWS.am-ը զրուցել է շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների հետ նրանց անհայտ գործունեության մասին։

Եթե Նունե Եսայանը վարսավիր լիներ...

Աստղային բիզնեսներից հասարակության համար թերեւս ամենահայտնին Նունե Եսայանի «NN» գեղեցկության սրահն է, որն արդեն 10 տարի է`գոյություն ունի: «Տնօրեն, կա, մենեջեր կա, ուղղակի իմն է այդ ամենը: Ինչ նորարարություն տեսնում եմ դրսում, բերում եմ, անընդհատ փոփոխություններ եմ անում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Եսայանը: «NN»-ի այցելուները տարբեր մարդիկ են` շոու բիզնեսի աստղեր, պաշտոնյանների կանայք, շարքային քաղաքացիներ:

«Յուրաքանչյուր բիզնես եկամտաբեր է, եթե դրա մասնագետն ես, եթե լինեի վարսավիր, կրկնակի, եռակի ավելի կվաստակեի, քան` հիմա»,- ասաց երգչուհին: Այժմ ձեզ վարսավիրանո՞ցն է պահում, թե՞ շոու բիզնեսը հարցին` Նունե Եսայանը նշեց, որ առայժմ շոու բիզնեսը:

Սոֆի Դեւոյանը բիզնեսով է զբաղվում, որ կարողանա պահել Պարի եւ հոգու թատրոնը

Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյանն արդեն 10 տարի հրուշակեղենի արտադրամաս ունի, որտեղ արտադրվում է շոկոլադե կրեմ, քաղցր բամբակ, կարամելապատ եւ այլ համերով փոփ քորն, շոկոլադե սալիկներ եւ այլն: «Որոշեցի զբաղվել բիզնեսով, որպեսզի կարողանամ պահել Պարի եւ հոգու թատրոնը: Ես հակված չեմ հույսս դնել հովանավորների վրա, ստիպված պետք է ինչ-որ բանով պահել Պարի եւ հոգու թատրոնը: Այդպես սկսվեց ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում նշեց Սոֆի Դեւոյանը:

«Երբ Պարի եւ հոգու թատրոնում աշխատում է 40 մարդ եւ ամեն ամիս աշխատավարձ եմ տալիս, որտեղի՞ց պետք է հայթայթեմ այդ փողը: Բայց շատ դժվար է, արտադրամասում էլ աշխատողներ կան, դա էլ իր պրոբլեմներն ունի»,- նշեց Սոֆի Դեւոյանը:

Հարցին, թե որպես հայտնի մարդ` նրա համար զիջումներ չե՞ն անում պետական ատյաններում` կապված բիզնեսի հետ, նա նշեց, որ ինքը վճարում է բոլոր անհրաժեշտ հարկերը: «Գործարանը մեծ չի, ինչքան արտադրում, այնքան էլ վճարում եմ»,- նշեց նա, հավելելով, որ Հայաստանի հարկային դաշտից եւ գործող օրենքներից դեռ չի բողոքում: Նշենք, որ Սոֆի Դեւոյանին պատկանող «Արասո» ՍՊԸ-ն հիմնադրվել է դեռեւս 1992-ին:

Աիդա Սարգսյանը վաճառում է տարածքը նոր բիզնես սկսելու համար

Երգչուհի Աիդա Սարգսյանը  վաճառում է Սեւանում ունեցած իր տարածքը, որտեղ պետք է կառուցվեր հանգստյան գոտի` ռեստորանով եւ հյուրանոցային համալիրով: Տարածքի վաճառման պատճառը նոր բիզնես սկսելու ակնկալիքն է, սակայն շատ գործարարների նման, Աիդա Սարգսյանը եւս ցանկանում է արտասահմանում կատարել իր ներդրումները: «Ինչ բիզնես էլ որ սկսեմ, հավանաբար, այստեղ չեմ սկսի, բայց ընդմիշտ չեմ մեկնի Հայաստանից, գործնական կմեկնեմ»,- ասաց նա:

Տարածքի գնորդը դեռեւս չի հայտնվել, իսկ վաճառքի գինը Աիդա Սարգսյանը դեռ չի որոշել։ Երգչուհին չցանկացավ նոր բիզնեսի հետ կապված «կոմերցիոն գաղտնիքները» մանրամասնել։

Շոկոլադի սիրահար Լուսինայի շոկոլադային բիզնեսի մասին

Երգչուհի Լուսինան եւս բիզնեսով է զբաղվում, նա Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչն է։ «Նախ, շատ սիրում եմ շոկոլադ, եւ այս շոկոլադն ինձ համար ամենալավն է, ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք աշխատում: Ես Բեյրութում համտեսեցի այս շոկոլադը եւ որոշեցի, որ այն անպայման պետք է լինի նաեւ Հայաստանում, քանի որ մտածեցի, որ այստեղ եւս կհավանեն այն»- ասաց Լուսինան ու շարունակեց. «Patchi» շոկոլադի 1կգ-ը սկսվում է 29 հազար դրամից: Լուրերը, թե այն շատ թանկ շոկոլադ է եւ հասանելի է միայն հարուստներին, իրականությանը չեն համապատասխանում»:

Ինչ վերաբերում է բիզնեսում ունեցած եկամուտներին, նա չցանկացավ խոսել այդ մասին, նշելով, որ յուրաքանչյուր բիզնես լուրջ մոտեցում է պահանջում:

Երգչուհի չթաքցրեց, որ իր բիզնեսին մեծապես աջակցում է հայրը` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ինչի համար շատ շնորհակալ է նրան: «Մենք շատ օրինական ենք աշխատում, հետեւում ենք բոլոր օրենքներին եւ կանոններին, որ կա Հայաստանում»,- ասաց Լուսինան:

Հետաքրքիր է այն, որ մեր ներկայացրած շոու բիզնեսի աստղերից երկուսը հրապուրված են «քաղցր կամ շոկոլադային բիզնեսով»: Ի դեպ, նշենք, որ  հուլիսի 11-ին շոկոլադի համաշխարհային օրն է:

Շոկոլադի պատմությունն սկսվում է Մեքսիկայից: 1502 թվականին, երբ Քրիստափոր Կոլումբոսը ոտք դրեց ացտեկների հողի վրա, որպես հյուրընկալության նշան նրան մեկ բաժակ տաք շոկոլադ մատուցեցին, որից նա հրաժարվեց: 1519 թ. Մեքսիկայի ափերին մոտեցավ Կորտեսը, ով հավանեց խմիչքը` նրա մեջ շաքարեղեգ ավելացնելով: Նոր խմիչքը հավանության արժանացավ իսպանական արքունիքում, որտեղ այն անվանեցին «սեւ ոսկի»: Արդեն 1615 թվականին Աննա Ավստրիացու` Լյուդովիկոս 13-րդի կնոջ ջանքերով շոկոլադը հայտնվեց ֆրանսիական արքունիքում: Տասնամյակներ շարունակ շոկոլադն օգտագործվում էր միայն հեղուկ վիճակում,  սալիկ այն  դարձավ 19-րդ դարում: 1828 թ. հոլանդացի Կոնրադ վան Հաութենը հիդրավլիկ մամլիչ ստեղծեց, որի միջոցով կակաոյի հատիկներից յուղ էին զտում: 1874 թվականին անգլիականն «Ֆրայ եւ որդիներ» ընկերությունում այդ յուղին խառնեցին շաքար եւ կակաոյի փոշի եւ ստեղծեցին առաջին շոկոլադե սալիկը: Այնուհետեւ ստեղծվեցին կաթնային շոկոլադները:

 

Պատրաստեց Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ