News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին հնարավոր է փոխարինի «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Գեւորգ Հարությունյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի նախկին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի օգնական Գագիկ Նահապետյանի անունը:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքով` սահմանված ժամկետում պետք է կատարվի արտամրցութային նշանակում վարչության ներսի պետական ծառայողներից: Իսկ եթե նման բան չարվի, ապա պետք է հայտարարվի մրցույթ, ընդ որում` չի թույլատրվում պայմանագիր կնքել: Փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանից ճշտել, թե արդյոք քննարկվե՞լ է, թե ում են նշանակելու Գոհար Պողոսյանի փոխարեն, ինչիպիսի ընթացակարգ է եւ այլն, բայց նա իր ծնունդն էր տոնում եւ հարմար չէր, որ պատասխանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանն ազատվել է աշխատանքից եւ դարձել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի օգնականը: Դրանից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հետտոնական օրերին 2 օր բացակայելու պատճառով աշխատանքից ազատել էր Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 20 տարվա աշխատակից Գոհար Պողոսյանին: Նրա նկատմամբ ծառայողական քննություներ էր սկսվել, իբր «հիվանդության մասին բժշկի կեղծ փաստաթուղթ ներկայացրելու համար»:

Մինչդեռ Գոհար Պողոսյանը նշում է, որ իրեն առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու համար, բայց ինքը հրաժարվել է: «Ես ամանօրյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից: Գտնվել եմ արտերկրում: Նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի: Սակայն արտասահմանում հիվանդացա: Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան: Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը»,- ասել էր Գոհար Պողոսյանը` հավելելով, որ պաշտպանելու է իր իրավունքները:

Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի, ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել են 65 լրագրողներ: Դրանից հետո լրագրողները հանդիպել են ԱԺ նախագահի հետ` նրանց փոխանցելու իրենց հայտարարությունը, սակայն, Սամվել Նիկոյանն ասել է, որ մտադիր չէ Գոհար Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքին:

Տպել
Ամենաշատ