Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում մայիսի 10-20-ը անցկացվող Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի գեղեցկության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում այսօր` մայիսի 16-ին, կընտրվեն մի շարք անվանակարգերում հաղթողները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի կազմակերպիչ, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Այսպես, «Միսս Համերաշխություն» անվանակարգում հաղթել է Վիետնամի, «Լավագույն ազգային տարազում»` Բրազիլիայի, «Միսս բիկինիում»` Պորտուգալիայի ներկայացուցիչները:
Նրա փոխանցմամբ` Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի գեղեցկության միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցում են աշխարհի 22 երկրների մասնակիցներ, օրինակ` Բրազիլիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ֆինլանդիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Թաթարաստանից, Սլովակիայից եւ այլն: Հայաստանը ներկայացնում է 23-ամյա Անի Ջառահյանը, նա մասնակցել է «Միսս 7 մայրացամաք» նախընտրական փուլին եւ իրավունք է ստացել այս մրցույթում ներկայացնել Հայաստանը: Աշոտ Խաչատրյանի խոսքով` հայ աղջիկը շատ լավ պարում է, ունի 1,75 սմ հասակ, 88/64/90 տվյալներ:
Այս մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 18-ին: Հրավիրված է միջազգային ժյուրի, որում ընդգրկված են հանրաճանաչ մարդիկ, օրինակ` նախորդ տարվա հաղթող աղջիկը, հայազգի դիզայներ Գեւորգ Շադոյանը եւ այլն:
Հիմնական ֆավորիտներ են Բրազիլիայի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սլովակիայի ներկայացուցիչները, հնարավոր է, որ հայ աղջիկն ընդգրկվի լավագույն 7-յակում կամ ստանա այլ մրցանակ: Այս մրցույթի հաղթողները ստանալու են անվճար ուղեգիր երկու հոգու համար, ոսկե հուշանվերներ, մասնակցելու են մի շարք միջազգային մրցույթների` «Միսս մոդել աշխարհ», «Միս տուրիզմ աշխարհի թագուհի», «Միսս տուրիզմ աշխարհ», «Միսս տուրիզմ ինթերնեյշնլ»:
յս մրցույթի լավագույն մասնակիցները, որոնք արդեն ընտրվել են, իրավունք կստանան մասնակցել նաեւ «Միսս 7 մայրացամաքին»: Այսպես, Հայաստանի, Չեխիայի, Բրազիլիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները կմասնակցեն մայիսի 20-30 Բոդրումում կայանալիք «Միսս 7 մայրացամաք»-ին:
«Միսս 7 մայրացամաք»-ի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը գեղեցկության մրցույթները Թուրքիայում անցկացնելը հիմնավորում է մի շարք հանգամանքներով` 24 ժամյա սնունդ, ինքնաթիռի տոմսերի, վիզայի խնդիր եւ նշում, որ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա:
Նրա փոխանցմամբ` այն երկու տարի Հայաստանում է անցկացվել, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված է տարբեր երկրներում կազմակերպել մրցույթները:
Աշոտ խաչատրյանը վստահեցրեց, որ Թուրքիայում կազմակերպվող մրցույթների ընթացքում հայերի նկատմամբ որեւէ ճնշում չկա, ամեն ինչ ընթանում է նորմալ, Հայաստանի եռագույնը ծածանվում է ամենուր, եւ հնչում է հայկական երաժշտությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում կազմակերպվել է Miss World League Of Beauty and Fashion 2012 մրցույթը, որին մասնակցում է նաեւ ներկայացուցիչ Հայաստանից։



































