Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Panorama.am-ին եւ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցներին: Ներկայացնում ենք նրա հայտարարությունն առանց խմբագրման:

«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:

Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:

Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:

Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետեւում պահ չէր մտնի:

Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:

Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:

Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը եւ հայ մարդու կերպարը:

Դու ինչ ես արել Գյումրիի համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրիից:

Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:

Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:

Դեռ այսքանը:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Հ.Գ.Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա եւ դրա գերդաստանի աղերսանքներին եւ աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:

Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից:Ըստ այդմ, մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Լուսանկարը` «Հետքի»