«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւին կասկածում են ուկրաինացի աղջիկների առեւանգման եւ սեռական ստրկության վաճառքի մեջ: Արդեն քրեական գործ է հարուցվել, գրում է «Գոլոս Տավրիի» կայքը՝ մեջբերելով Լրագրողական հետաքննությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Լաշինի խոսքերը:
Ըստ Լաշինի՝ Ղրիմում բնակվող Նատալյան պատմել է, որ մարտի սկզբին իրեն առեւանգել էին հենց փողոցից, տեղափոխել Մոսկվա եւ այնտեղ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: Օրը մի քանի անգամ իրեն ստիպում էին սեռական ծառայություններ մատուցել ունեւոր հաճախորդներին: Հերթական նման կանչի ժամանակ Նատալյան հրաշքով կարողացել է փախչել եւ հասնել Ուկրաինա:
Աղջիկը հիշել է իր առեւանգիչներին. ղեկավարել է Էդուարդ Նագորնին, որին օգնում էր Ալեքսանդր անունով մեկը: Կավատներն իրենց եկամտի մի մասը տալիս էին մի մարդու, որին անվանում էին «թերթի Պավել Նիկոլայեւիչը» կամ Գուսեւ: Վերադառնալով Սիմֆերոպոլ՝ Նատալիան Գուսեւին ճանաչել է համացանցում տեսած լուսանկարից:
Ըստ քննիչների՝ Պավել Գուսեւը հանցախմբից պարբերաբար գումար էր ստանում, հայտնում է ՆՏՎ-ն:
Այդ տեղեկությունը ստուգելու եւ քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին է դիմել Պետդումայի Անվտանգության եւ կաշառակերության հակազդման հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին, հայտնում է Newsinfo-ն:




























