Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 4-ին պաշտոնական այցով գտնվում էր Լատվիայի Հանրապետությունում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Տեղեկացնենք, որ Հայաստան-Լատվիա, ինչպես նաեւ Հայաստան-Լիտվա եւ Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբերի ղեկավարը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, ով այս այցի ժամանակ Հ. Աբրահամյանի հետ մեկնած պատվիրակության կազմում չէր:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո բավականին լարվել են Հ. Աբրահամյանի եւ Է. Շարմազանովի հարաբերությունները, եւ սրա պատճառն այն է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն այս անգամ ԱԺ նախագահը չի եղել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանը Շարմազանովին դա չի ներում: Անցած քառօրյա նիստերի ժամանակ այդ լարվածությունն ակնհայտ նկատել են նաեւ լրագրողները, թեեւ Է. Շարմազանովը դա հերքել է:

Փաստորեն ԱԺ նախագահն այդ հանգամանքն այնքան չի ներում իր տեղակալին, եւ նրանց միջեւ առկա լարվածությունն էլ այնքան խորն է, որ Լատվիա կատարած այցի ժամանակ այդ երկրի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Է. Շարմազանովին չի ընդգրկել պատվիրակության կազմում: Փոխարենն ընդգրկել է իր հետ առավել լավ հարաբերությունների մեջ գտնվող Վոլոդյա Բադալյանին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն, ՀՀԿ պատգամավորներ Հովհաննես Սահակյանին եւ Կորյուն Նահապետյանին: Վերջին երկուսը նույնիսկ այդ բարեկամական խմբի անդամներ չեն...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):