Այս օրերին Երեւանում մեծ թափով ընթանում են կենտրոնական փողոցների վերաասֆալտապատման աշխատանքներ: Թեեւ այդ փողոցների նախնական վիճակն ամենեւին էլ անբարեկարգ չէ, Երեւանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար՝ այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է: Այդ մասին ասվում է «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:
«Սույն թվականի օգոստոսի 7-ին Երեւան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկա՝ Honda մակնիշի հսկայական մի էքսկավատոր, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այն փորեց այդ բակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում: Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները եւ այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաեւ վնասեցին տարածքի ասֆալտե ծածկույթը եւ ոռոգման խողովակները, ինչի հետեւանքով ողողվեցին հարեւան շենքի նկուղները: Արդեն մոտ մեկ շաբաթ բակը նույն վիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետեւանքները:
Իհարկե, սա մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չէ: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում եւ տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:
Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության եւ անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանել, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը եւ ով է պատասխանատու: Արդյո՞ք նույն քաղաքային բյուջեում «միջոցներ չկան» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:





























