Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվող Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանը գնացել եւ ներկայացել է: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց քաղաքացի Գեւորգ Թումասյանը։ Նա ասաց, որ իրեն զանգահարել են ԴԱՀԿ-ից եւ հայտնել, որ Սամվել Շառոյանը եկել, ներկայացել է, ԴԱՀԿ-ն դատարանի որոշմամբ կալանքի տակ է վերցրել թռչնանոցը, որպեսզի վերջինս որեւէ իրավական գործընթաց չանի գույքի հետ։
Ավագանու անդամից տուժած քաղաքացին նորից դիմել էր նաեւ դատարան: Սեպտեմբերի 17-ին նշանակվել է այս գործով դատական նիստը: Գեւորգ Թումասյանը խնդրել էր դատարանին` նրան հարկադրաբար ստիպել թռչնանոցը գրանցել իր իսկ անվամբ, որպեսզի բռնագանձեն գույքը եւ իրեն վերադարձեն գումարը:
Ի դեպ,օրերս NEWS.am-ի թղթակիցը նորից զրուցել էր Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ, ով եւս «հետախուզում էր» հայտարարել Սամվել Շառոյանի նկատմամբ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հաջողվել կապ հաստատել վերջինիս հետ, որեւէ ինֆորմացիա չունի, բայց շուտով սկսվելու են ավագանու նիստերը եւ ուզած, չուզած, պետք է ներկայանա: «Ինձ թվում է` քաղաքից դուրս է եկել, գնացել է հանգստանալու, մենք այստեղ անհանգստացել ենք, ես չգիտեմ, ինչ ասեմ, տեղեկություն չունեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել:
Բանն այն է, որ քաղաքացի Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի միջեւ 2009թ պարտավորագիր է ստորագրվել, ըստ որի` Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել: Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց: Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչնանոցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի:
Այժմ ԴԱՀԿ որոշում է կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:





























