ԱՄՆ-ի ատենակալները միաձայն մեղավոր են ճանաչել մայոր Նիդալ Հասանին, որը 2009թ. ամերիկյան Թեքսաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմակայանում 13 մարդու էր սպանել։ Այժմ Հասանին կարող է մահապատիժ սպառնալ։

Մեղադրող կողմի ներկայացուցիչ Սթիվ Հենդրիքսը ամփոփիչ խոսքում հայտարարել է, որ ոչ մի կասկած չկա, որ հենց Հասանն է ծրագրել եւ կյանքի կոչել կայանի զինծառայողների սպանությունը, հայտնում է NEWSru.com-ը։

Հիշեցնենք, ավելի վաղ Հասանը խոստովանել էր, որ ինքն է սպանել զինվորներին եւ իր գործողություններով սատարում էր «Թալիբան» շարժմանը։

Նա նաեւ ներողություն էր խնդրել այդ նպատակի իրագործման ընթացքում թույլ տված  «սխալների» համար։ «Մենք՝ մոջահեդներս, ոչ կատարյալ մահմեդականներ ենք, ձգտում ենք կատարյալ կրոն ստեղծել։ (...) Ներողություն եմ հայցում այդ հարցում գործած յուրաքանչյուր սխալի համար»։

Նիդալ Հասանը ծագումով Հորդանանից է, Թեքսաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմակայանում ռազմական հոգեբույժ է աշխատել։ 2009թ. նոյեմբերին նա կրակ էր բացել անզեն զինվորների վրա, որոնց պատրաստվում էին ուղարկել Իրաք։ 13 մարդ զոհվել, 32-ը վիրավորվել էին։