Վրաստանում սեպտեմբերի 4-ին կանխատեսվում է եղանակի կտրուկ վատթարացում: Այս առնչությամբ Վրաստանի Շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պահպանման նախարարությունը, ինչպես նաեւ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում բոլոր կառույցները կոչ են անում առավելագույնս ձեռնարկել անվտանգության միջոցառումներ:

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության եւ Շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պահպանման նախարարության տեղեկությունների համաձայն վաղը՝ սեպտեմբերի 4-ին, օրվա երկրոդ կեսին, Վրաստանի տարածքում Սեւ ծովից կշարժվեն ցիկլոն ու դրան ուղեկցող օդի սառը ու խոնավ զանգվածներ: Նշված օդերեւութաբանական գործընթացները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 5-ի ուշ երեկո, որոնց կհետեւեն քամու ուժգնացում եւ օդի ջերմաստիճանի կտրուկ անկում: Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է ուժեղ անձրեւ, տեղ-տեղ կարկուտ: Ցիկլոնը կհարուցի Սեւ ծովի ուժեղ ալեկոծում, գետերի հոսանքի ուժգնացում, սողանքների ակտիվացում:

Վրաստանի բնապահպանության նախարար Խաթունա Գոգալաձեն բնակչությանը նախազգուշացրել է հնարավոր բացասական հետեւանքների մասին, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:

«Այս նախազգուշացումը միայն մեկ նպատակ ունի՝ որպեսզի քաղաքացիներ դուրս չգան ափամերձ հատված, հոգ տանեն ավտոմեքենաների կայանտեղիների եւ  ունեցվածքի մասին: Սա սովորական միջոցառում է, ոչպեսզի խուսափենք մարդկային զոհերից, ինչպես նաեւ եղանակի վատթարացման արդյունքում հասցված վնասի չափերը հնարավորինս կրճատելու համար»,- նշել է Խաթունա Գոգալաձեն: