Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը պարանոցի շրջանում կիստոզ գոյացության հեռացումից հետո այժմ իրեն լավ է զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուժ Մանուկյանը:
Նա նշեց, որ մեկ շաբաթ հանգստացել է Սեւանում, ապաքինվել է, որոշ չափով վերականգնել է քաշը եւ կոկորդի հետ կապված այժմ խնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է:
Սակայն, հայտնի դերասանն այժմ այլ առողջական խնդիր ունի` ոտքի ցավեր: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասաց դերասանը:
Ոտքի խնդրով նա առաջիկայում դիմելու է բժշկի եւ պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ` վիրահատության, միայն թե ոտքի ցավն անցնի: Ոտքի ցավի պատճառով Գուժ Մանուկյանը չի կարողանում նորմալ քայլել, կաղում է, իսկ մի քիչ ծանրաբեռնվածության արդյունքում ցավերն ուժգնանում են: Այդ պատճառով նա ժամանակավորապես հրաժարվել է դասավանդելուց, մինչ առողջական խնդիրները լուծի, ինչպես նաեւ խնդրել է թատրոնում իր մասնակցությամբ ներկայացումներ չդնել, սակայն սերիալի նկարահանումներին մասնակցում է, որովհետեւ չի կարող չմասնակցել, ամեն ինչ նախօրոք ծրագրված է, առանց այդ էլ մեկ ամիս չի մասնակցել նկարահանումներին:
«Սերիալին գնում եմ, ուզած-չուզած, աշխատում եմ չկաղալ, մի կերպ ինձ զսպելով, բայց հետո արդեն ցավերս ուժեղանում են»,- ասաց դերասանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա հիվանդանոց էր տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը: Գուժ Մանուկյանին էին այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:




























