Թելավի քաղաքի իշխանությունը Ստալինի հուշարձանն ապամոնտաժելու որոշում է ընդունել: Այս մասին «Ինտերպրեսս Նյուզ»-ին հայտնել է Թելավիի ղեկավար Գիվի Մետրեւելին:
«Մենք արդեն նախազգուշացրել ենք «Ստալին» կազմակերպությանը, որ 5-օրյա ժամկետում սեփական միջոցներով ապամոնտաժեն հուշարձանը, եթե նշված ժամկետում չապամոնտաժվի, դա կանի քաղաքապետարանը», - հայտարարել է Գիվի Մետրեւելին:
«Ստալինականները» չեն պատրաստվում ապամոնտաժել հուշարձանը: Ըստ կազմակերպության առաջնորդ Շոթա Լազարիաշվիլիի՝ իրենք դրա միջոցները չունեն: «Մենք ապամոնտաժելու գումար չունենք: Այդ հուշարձանի համար մենք 5 ամիս փող ենք հավաքել: Այժմ այդպես միանգամից մենք այն չենք կարող ապամոնտաժել: Եւ հետո, ես չեմ հասկանում՝ ով է վախենում Ստալինի ստվերից: Եթե քաղաքապետարանն ապամոնտաժի այդ հուշարձանը, մենք կփորձենք այն նորից տեղադրել», - նշել է Լազարիաշվիլին:
Ստալինի հուշարձանը Թելավի քաղաքում բացվել էր սեպտեմբերի 1-ին: Նույն օրը դրա վրա նարնջագույն ներկ էին լցրել: Ըստ քաղաքի իշխանությունների` հուշարձանն առանց համապատասխան թույլտվության էր տեղադրվել:
Թելավիում բացել եւ արդեն հասցրել են ներկոտել Ստալինի հուշարձանը http://news.am/arm/news/169193.html





























