Նորվեգիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում վերջ է դրվել կարմիր-կանաչ կոալիցիային եւ բացել հակաիմիգրանտական կազմավորումների ճանապարհը, որոնց 1999-ին միացել է ահաբեկչությունների հեղինակ Անդերս Բրեյվիկը: Այս մասին նշվել է Corriere della Sera պարբերականում հրապարակված հոդվածում՝ նվիրված Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններին:
Հոդվածի հեղինակը, մասնավորապես, գրում է. «Չնայած 40 տարվա պատմությանը եւ երկրի կյանքում կարեւոր քաղաքական դերին, Առաջընթացի կուսակցությունը միշտ էլ դուրս է եղել կառավարական կոալիցիայից՝ մշակութային մաքրության պաշտպանության հարցում իր չափազանց կոշտ դիրքորոշման համար: Տարիների ընթացքում կուսակցության հռետորաբանությունը ավելի ու ավելի է հանգել հակամահմեդական դիրքորոշման՝ ընդհուպ մինչեւ Յենսենի հանրահայտ ելույթը, որում նա նախազգուշացրել է սողացող-տարածվող իսլամականացման մասին: Այդ ելույթի տոնը նման է ահաբեկչությունից ժամեր առաջ Բրեյվիկի արած հայտարարությանը… Ահաբեկչության նախապատրաստումը սկսվել է 2002թ: Հենց այդ տարի է Առաջընթացի կուսակցության երիտասարդական կազմակերպության տեղական թեւը որպես նախագահ է ընտրել 23-ամյա Բրեյվիկին»,-հաղորդում է հոդվածի հեղինակը:
«Ուտոյյա կղզում տեղի ունեցած իրադարձություններից հետո կուսակցությունը քննադատել է նորվեգական հողում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ահաբեկչությունը: Պաշտոնանկ են արվել ամենասկանդալային ղեկավարները, իջեցվել է իմիգրացիայի հարցերի վերաբերյալ տոնը, ուշադրությունը կենտրոնացվել է տնտեսական բարեփոխումների եւ պետության դերի նվազեցման վրա»,-գրում է հոդվածի հեղինակը:





























