Սոչիի օդանավակայանում հինգ չվերթներ ուշանում են ոչ թռիչքային եղանակի պատճառով, թռիչքի է սպասում ավելի քան 800 ուղեւոր, հայտնում է «Բազել Աերո» ընկերությունը, որը ղեկավարում է Կուբանի օդանավակայանները:
Սոչիում այս պահին հորդառատ անձրեւներ են, փոթորկի նախազգուշացում է հայտարարվել:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Սոչի մեկնող մի քանի օդանավեր վայրէջք են կատարել Անապայում, Կրասնոդարում եւ Մինվոդիում: Կրասնոդարի օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվայից թռչող «ՎԻՄ-Ավիա» ընկերության օդանավը, որով Սոչի պետք է ժամաներ 219 ուղեւոր: Բացի այդ, Կրասնոդարի պահեստային օդանավակայան է ուղարկվել Red Wings ընկերության օդանավը, որը Սոչի էր թռչում Օմսկից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տաշքենդից Սոչի ուղեւորվող «Ուզբեկական ավիաուղիներ» ընկերության եւ Ուֆայից մեկնող «Orenair» ըհնկերության օդանավերը վայրէջք են կատարել Մինվոդիում»,- ասված է հաղորդագրությունում:
Անապայի օդանավակայանում վայրէջք էր կատարել «Աերոֆլոտ» ընկերության Մոսկվա-Սոչի չվերթի օդանավը: Սոչիից դրա թռիչքին էին սպասում 155 ուղեւորներ: Այս պահին օդանավը հասել է Սոչի եւ պատրաստվում է թռիչքի:
«Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Սոչիում եղանակային պայմանները կբարելավեն առաջիկա ժամերին: Պահեստային օդանավակայաններում գտնվող օդանավերը թռիչքի են պատրաստվում:





























