Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը արդարացված է համարում իր աղջկան, եղբոր աղջկան, աներձագի կնոջը մանկապարտեզների տնօրենների պաշտոններում նշանակելը: Այդ մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշեց, որ իր դուստրը արդեն 6-7 տարվա մանկապարտեզի տնօրեն է, ընդամենը այդտեղից գնացել է մեկ ուրիշ մանկապարտեզ եւ իր փոխարեն նշանակվել է իր տեղակալը: Սամվել Դարբինյանը շեշտեց, որ իր դուստրը մանկավարժական կրթություն ունի, դասախոսում է, «նենց չի, որ երեկ եմ նշանակել, դա ընդամենը տեղափոխում ա, աչքներին գերան ընկավ հա՞»:
Քաղաքապետը շեշտեց, որ մյուս բարեկամները եւս մանկավարժական կրթություն ունեն, այդ համակարգում են աշխատել եւ եկել, հասել են տնօրենի պաշտոնին, այսինքն՝ այդ մանկապարտեզներում տնօրենները հասել են կենսաթոշակի տարիքի եւ նրանց փոխարեն նշանակել են իրենց տեղակալներին:
«Եւ հետո, լավ ենթադրենք, թե ես քաղաքապետ եմ, Վանաձորի քաղաքապետը ես եմ, իմ ոչ մի բարեկամ իրավունք չունի՞ աշխատանք ունենալ այս քաղաքում, իմ բարեկամներին բոլորին աքսորե՞նք էս քաղաքից, ասենք դուք էս քաղաքում իրավունք չունեք աշխատանք ունենալու: Էդ լրագրողներից ոմանք, որ իրենց շատ սիրելի դասախոսներին, որոնք իրենց կրթություն են տվել եւ իհարկե, նրանց ուղեղը չի ընկալել, որ նրանց տված գիտելիքները նրանք վերցնեն, նրանց մեջ մենակ թույն ու թարախն է գնացել մարդկային ամբողջ կյանքից»,- ասաց նա: Որպեսզօ տպավորություն չստեղծվի, որ ինքը բոլոր լրագրողներին վատաբանում է, քաղաքապետը շտապեց ասել, որ լրագրողների մեջ եւս լավ մարդիկ կան, որոնք առողջ քննադատության են ենթարկում եւ իրենց օգնում, բայց նման բաներ գրողներին ինքը լրագրող չի համարում, այլ թույն եւ թարախ, ավելին՝ Դարբինյանի արած լավ բաները չնկատող լրագրողներին վարձատրում են դրա համար:
Վանաձորի քաղաքապետը ամենայն մանրամասնությամբ նշեց այն բոլոր աշխատանքները, որ կատարել է, աշխատել է շինարարությունում, երկրաշարժի ժամանակ բազմաթիվ անձանց է փլատակներից հանել, դրանից հետո մասնակցել է վերականգնման աշխատանքներին, մասնակցել է պատերազմին եւ օգնել հայկական բանակին ինչով կարողացել է, դրանից հետո վերացրել է սողանքը, «Հայաստանի հյուսիսային շրջանների բոլոր ճանապարհների անունը կապված է ինձ հետ, ես եղել եմ քաղաքապետ այն օրերին, երբ Վանաձորում մի հատ նորմալ ճանապարհ չի եղել եւ մի հատ լույս չի վառել, այդ տարիներից այսօր Վանաձորը կոկիկ, մաքուր, ընտիր քաղաք եմ դարձել»:
«1470 աշխատակցից թող 20-ն էլ իմ բարեկամները լինեն, քանի՞ տոկոս է կազմում: Ինչի՞ է էդ 20-ը իրենց աչքը մտնում, էն մնացածը 1450-ը աչքներին չի երեւում»,- ասաց քաղաքապետը: Դիտարկմանը, թե գուցե ձեր բարեկամներին բարձր պաշտոնների էիք նշանակում, դա է պատճառը, նա հակադարձեց՝ «եթե մանկապարտեզիտ տնօրենը բարձր պաշտոն է, այդպես համարենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանու դեկտեմբերի 4-ի նիստում հաստատվել են քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոնում քաղաքապետ Սամվել Դարբինյանի ներկայացրած թեկնածուները:
NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ դրանցից մեկում տնօրեն է նշանակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դուստրը` Աննա Դարբինյանը, մյուսում՝ նրա եղբոր դուստրը` Ալլա Դարբինյանը, 3-րդում՝ նրա աներձագի կինը` Գայանե Սարգսյանը, չորրորդում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրը` Արփինե Սարիբեկյանը: Ավագանու 20 անդամներից նիստին մասնակցել 12-ը, որոնք միաձայն հաստատել են քաղաքապետի ներկայացրած թեկնածությունները։
Ինգա Մարտինյան




























