Նոր Արեշի վարձակալած տանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի գործով առայժմ կասկածյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է, կատարվում են կարեւոր քննչական գործողություններ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանությունը քաղաքացու ահազանգով մեկնել էր Երեւանի Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տուն, եւ գտել փողոցում ընկած ազգությամբ հնդիկ, 1985թ. ծնված Դենիշ Բաբուին՝ դանակի վնասվածքներով։ Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանությունը դեպքից հաշված ժամեր անց հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Հնդկատանի քաղաքացին իր վարձակալած տանը ամուսնության առաջարկ է արել ՀՀ քաղաքացի Աստղիկ Աղաջանյանին, եւ մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:


























