«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 1974-ից հետո ծնված իր աշխատակիցներից, առանց նրանց կարծիքը հարցնելու, գանձել է կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության աշխատակից Սարգիս Ալեքսանյանը:
«Այսօր աշխատավարձերի հաշվարկի օրն էր, տեսանք, որ 5% պահել են: Հաշվապահին հարցրեցինք, ասաց, որ վերեւից են հրամայել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը չի ճանաչում ՀԷՑ որեւէ աշխատակցի, որը ընտրել է կենսաթոշակային ֆոնդ. «Մեր փոխարեն գործատուն է ֆոնդ ընտրել: Մեզ էդպես են ասել: Ավելի քան 1000 աշխատողից գումար են պահել»:
Ընկերությունը կուտակային կենսաթոշակների ֆոնդի գանձումը կատարել է աշխատավարձերի ավանսից։ «31 800 դրամից 7759 դրամ եկամտահարկ են պահել, 1590 դրամ էլ` կենսաթոշակային, իսկ աշխատավարձ ստանալու ենք հաջորդ ամսի 15-ին»,- ասաց Սարգիսը:
ՀԷՑ աշխատակիցները, Սարգիսի խոսքով, փորձել են պարզաբանում ստանալ ղեկավարությունից, որտեղ նրանց պատասխանել են. «Եթե չեք ուզում գումար տալ, դռները բաց են, կարող եք ազատվել աշխատանքից»:
Նշենք, որ NEWS.am-ը նմանատիպ ահազանգեր է ստացել նաեւ այլ ընկերություններում աշխատողներից, որոնց մասին կհաղորդենք տվյալները ճշտելուց հետո։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, որոնցից առաջինը վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը։




























