Կարմիր Խաչի ներկայացուցիչները ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին են հանձնել թռոան գրած նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

Նա նշեց, որ մինչ այդ թոռը նամակ էր գրել, իրենք հանդիպել էին ԿԽՄԿ աշխատակիցների հետ եւ դա հանձնել նրանց: «Հանձնել են նամակը եւ խնդրել են, որ նամակ գրի,  բայց ինքը ի վիճակի չէ նամակ գրել, թեւը կոտրված է, մյուս ձեռքը վնասված է, դեմքին կապտուկներ կան, մասնավորապես՝ ձախ աչքին, գուցե դա է պատճառը, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում նամակ գրել»,- ասաց գյուղապետը:

Կամո Չոբանյանն ասաց, որ Մամիկոն Խոջոյանը Հայաստանում առողջ էր, իրենք չգիտեն՝  նրան Ադրբեջանում են ծեծել, թե հողաթափերով սարերով, ձորերով հայ-ադրբեջանական սահմանը հատելիս վնասվածքներ է ստացել: Մամիկոն Խոջոյանը այդպես էլ որեւէ նամակ, գրություն չի փոխանցել հարազատներին: Գյուղապետն հայտնեց, որ նա գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ է տառապում:

Այդուհանդերձ, դա չի խանգարել Ադրբեջանին՝ փորձել տարեց տղամարդուն ներկայացնել որպես «դիվերսանտ»: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է: