Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած ոստիկանության նախկին աշխատակցի՝ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի հարեւանները զարմացած եւ վրդովված են տարածված լուրերից: Նրանցից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն եւ մի շարք պարզաբանումներ արել: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ Խաչիկ Մարտիրոսյանը Դավիթաշենում չի ապրել, այնտեղի տունը նվեր է ստացել լավ ծառայության համար, նա ապրել է Արաբկիրում:

Հարեւանը նաեւ տեղեկացրեց, որ Խաչիկ Մարտիրոսյանը ոչ թե մեկ երեխա ունի, ինչպես հայտնել էին նրա Դավիթաշենի հարեւանները, այլ 5 երեխա՝ 4 տղա եւ մեկ աղջիկ: Երեք երեխաները առաջին կնոջից են, երկու որդին՝ երկրորդ կնոջից, ով ամիսներ առաջ է մահացել: Թոռներ չունի, որդիներից մեկը  գտնվում է Գերմանիայում, մյուսն էլ աշխատում է ոստիկանություն, սակայն հայտնի չէ, թե որտեղ կամ ինչ պաշտոնի:

«Դեռ շատ անհայտ է, թե դա ինչ պատմություն է, չգիտենք՝ ինչ է կատարվել, չի կարելի ապատեղեկատվություն տարածել, չի կարելի միանգամից այդ մարդուն քարկոծել: Նա աշխատանքից դուրս չի եկել, ուղղակի թոշակի է գնացել, նորմալ ապրում էր»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հարեւանը նաեւ տեղեկացրեց, որ վերջինս Արտաշատի Մխչյան գյուղից է, երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, եղել է նաեւ փոխոստիկանապետ: Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Խաչիկ Մարտիրոսյանը ծագումով իրենց գյուղից է, բայց այնտեղ չի ապրել: Նրա ընտանիքի անդամների մասին եւս գյուղապետը տեղեկություն չուներ:

Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:

Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: