ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը քաղաքական ապաստան է  ստացել Ռուսաստանում, հերքել է ամերիկյան իշխանությունների այն հայտարարությունը, թե իբր ԱԱԳ-ում որպես շարքային ցանցային ադմինիստրատոր է աշխատել։

 «Ինձ որպես լրտես են պատրաստել՝ այդ բառի ավանդական իմաստով, այսինքն ես քողարկված ապրել եւ աշխատել եմ արտասահմանում՝ ձեւացնելով, թե կատարում եմ մի աշխատանք, որն իրականում չէի անում եւ անգամ այլ անվամբ էի ներկայանում», — հայտնել է Սնոուդենը ամերիկյան հեռուստաալիքի հետ իր առաջին հարցազրույցում, որից հատվածներ է հրապարակել NBC-ն։

Ըստ Սնոուդենի՝ ինքը տեխնիկական մասնագետ էր եւ ամերիկյան կառավարության ամենաբարձր  աստիճաններում է աշխատել, դասավանդել է հետախուզության ակադեմիայում եւ քողարկված մասնակցել ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի գործողություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այնպես որ, երբ նրանք ասոմ են, թե ես ստորին օղակի համակարգային ադմինիստրատոր եմ եղել, որ չգիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, ապա ես կասեի, որ նրանք բոլորին մոլորեցնում են», — հայտարարել է Սնոուդենը։