Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորված երեխաները թունավորման նախորդ օրը կերել են «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: Այս մասին տեղեկանում ենք Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում: Պարզվել է, որ կարագի, պանրի, ձվի, հավի եւ տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի եւ խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:
Ճշտվել է նաեւ, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարծ նույն սննդից մատակարարել են նաեւ այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երեւան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:




























