Երեւանի Կենտրոն վարչական շրջանում աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներ դեկտեմբերի 1-ից իրականացնում է «Սանիտեկ» ընկերությունը, ինչը նշանակում է, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դարձել են գործազուրկ:

NEWS.am-ի հետ զրույցում ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ կան աշխատանքներ, որոնք իրենք առայժմ պատրաստվում են կատարել: Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ մի խումբ աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի առջեւ եւ հանդիպում էին պահանջում Տարոն Մարգարյանի հետ:

«Աշխատողներից ոչ մեկը փաստացի տեղեկանք չի ստացել ազատման մասին, չեմ կարող ասել, թե ինչու են հավաքվել քաղաքապետարանի առջեւ, բայց դե իհարկե, այսուհետ աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքները մենք չենք կատարելու»,- նշեց Հովհաննես Մկրտչյանը՝ հավելելով, որ մինչեւ այդ իրենք ունեին ավելի քան 100 աշխատակից:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ էր ծանոթացել «Սանիտեկ» ընկերության աշխատանքներին: Ընկերությունը լիբանանյան է եւ 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: