Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել Դիլիջանի Պարադիզ հյուրանոցում կատարված մի դեպքի կապակցությամբ:

«Դեկտեմբերի 7-9 այս հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը  միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային  անմիջապես տեղափոխել Երեւան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ  ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետեւ այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը:

Զանգեցին տնօրենին եւ ասացին, որ տնօրենը չի թույլատրում, որովհետեւ հյուրանոցն ունի ներքին կարգ ու կանոն, որն արգելում է մեքենաներին մոտենալ հյուրանոցի դռանը: Խնդրեցինք նորից տնօրենին հաղորդել ծնողների խնդրանքը, սակայն այն կատեգորիկ մերժվեց:

Սա ի՞նչ մարդկություն է, ի՞նչ վերաբերմունք է, մի՞թե կարգ ու կանոնի պատճառով կարելի է վտանգել երեխայի առողջությունը, դուք երեխա չունե՞ք, մի րոպե ձեզ դրեք այդ ծնողի վիճակի մեջ»,- գրում է Անահիտ Բախշյանը: