Եթե սնանկության պրոցեսում նորմալ ձեւով վաճառվի «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի հիմնադիր, ինքնասպանություն գործած գործարար Համլետ Ամիրխանյանի գույքը, ապա բնակիչների խնդիրները կլուծվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի հարցերով ժամանակին զբաղված փաստաբան Նիկոլայ Հակոբյանը:

Նա նշեց, որ Համլետ Ամիրխանյանը Աճառյան փողոցի վրա գեղեցիկ հյուրանոց ուներ, որը եւս գրավի տակ է եւ շինարարությունը դեռ ավարտին չի հասցրել: «Համլետը մեկ այլ կազմակերպությունով բավականի մեծ ակտիվներ ուներ, սնանկության պրոցեսում եթե նորմալ ձեւով վաճառվի գույքը, թե բանկերի, թե բնակիչների խնդիրները մի օր կլուծվեն, այդ առումով լավատես եմ, մի օր լուծում լինելու է: Հույս ունեմ, որ դրա հաշվին եւ չվաճառված բնակարանների հաշվին խնդիրը մի օր լուծում կստանա»,-ասաց փաստաբանը:

Իսկ թե ինչպես է լուծվելու այս հարցերը գործարարի մահվանից հետո, նա նշեց, որ ՍՊԸ-ները կան, պարզապես սեփականատերը չկա, այժմ կառավարիչը պետք է ՍՊԸ-ների ակտիվները հավաքագրի, վաճառի, փորձի բավարարում տալ բանկերին, որպեսզի գրավը վերանա եւ մարդիկ ստանան իրեն տները: Նիկոլայ Հակոբյանը նշեց, որ գումարը կբավականացնի  գործարարի պարտքերը փակելու համար: Դրանից բացի՝ Համլետ Ամիրխանյանը հայտնել էր նաեւ, որ դեռ հավաքագրելիք գումարներ կան:  «Այնպես չէ, որ նա այդ փողերը հավաքել ու գնացել է կազինո, այդ շենքի բնակարանների վաճառքից ստացած գումարով Աճառյան փողոցի հյուրանոցն է կառուցել, բավական գեղեցիկ շենք է, թանկարժեք շինարարություն է կատարել, բանկերի տոկոսներն է փակել»,-ասաց փաստաբանը: Նիկոլայ Հակոբյանն ասաց նաեւ, որ թե Նոր Հաճնի առանձնատունը, թե Բլուրի վրա գտնվող տունը բանկերինն է: «Նոր Հաճնի» առանձնատունը »Պրոմեթեյ» բանկինն է, այն այժմ կապարակքնված է քննիչների կողմից, իսկ Բլուրինը, որտեղ ապրում էր նրա որդին, «Զարգացման հայկական բանկինն է», այժմ գործարարի որդին հավաքել է իրերը, ազատել տունը եւ գնացել վարձով է ապրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ  2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար: Շենքի մոտ 224 շահառուներ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ կպայքարեն իրենց իրավունքների համար, նրանք նաեւ մտադիր են դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԲ նախագահին: