News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հակասությունների եւ կրքերի բազմաթիվ միահյուսված թելերից, նյարդից ու լույսից, դիմացկունությունից եւ դյուրաբեկությունից բաղկացած՝ նա չի հավատում ո՛չ աստծուն, ո՛չ սատանային, այլ միայն իրեն, ով բնությունից օժտված է կախարդական էներգիայով եւ ճկուն մեցոսոպրանոյով։

Ջերմ, թավշյա ձայնով Մարիամ Սարգսյանը հիանում է Radio Classique-ի հայտնի ֆրանսիացի երաժշտագետ Ալեն Դյոյով, իսկ դասական երաժշտության ոլորտում ամենահայտնի բրիտանական Gramophone ամսագիրը նրան կոչում է «ռուսական Lied-ի նուրբ նկարիչ»։

Հոկտեմբերին դանիական Brilliant Classics ընկերությունը Հոլանդիայում կթողարկի  նրա կատարմամբ Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի» շարքի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների սկավառակը։

Երեւանյան մեծ, լուսավոր բնակարաններից մեկի կլոր սեղանի շուրջ մենք Մարիամի հետ զրուցեցինք սկավառակի, բացառիկ երաժշտության եւ այն մասին, թե ինչու Փարիզում բնակվող Մարիամը ելույթ չի ունենում Հայաստանում։

Մարիա՛մ, ինչպե՞ս ծագեց Ռոմանոս Մելիքյանի երաժշտությանը նվիրված սկավառակ ձայնագրելու գաղափարը։

Ես շատ մեծ ուշադրություն եմ հատկացնում անարդարացիորեն մոռացված եւ քիչ կատարվող երաժշտությանը։ Այդպես ես ցանկացա Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ սկավառակ ձայնագրել, սակայն մի բան, ինչը դուրս է այս առիթով սովորաբար հիշատակվող հայ դասական հեղինակների առօրյա շրջանակներից։

Ինչո՞ւ եք Դուք հետաքրքրություն ցուցաբերում քիչ հայտնի երաժշտությանը։

9-րդ եւ 40-րդ սիմֆոնիաները պաշտպանների եւ փաստաբանների կարիք չունեն, ինչը չի կարելի ասել անարդարացի մոռացության մատնած նոր երաժշտության մասին։ Ահա այդպիսի փաստաբանություն եմ ես անում։ Ամենաարժեքավորն ու հաճելին երաժիշտների, երաժշտագետների նամակներն են, երբ նրանք առաջին անգամ լսում են օրինակ Կյուիի շարքերը կամ Շապորինի «Հեռավոր երիտասարդություն» շարքը։ Ինձ դուր է գալիս գիտակցել, որ այն, ինչ ես անում եմ, աշխարհում ուրիշ ոչ ոք չի անում, չնայած նրան, որ «պաշտոնապես» առաջին անգամ իմ ձայնագրած որոշ ստեղծագործություններ առաջին անգամ գրվել են 19 կամ 20-րդ դարերում։

Ռոմանոս Մելիքյանին նախկինում երբեք չե՞ն ձայնագրել։

Նրա «Զմրուխտի» շարքը սկավառակով երբեք չի թողարկվել, առավել եւս միջազգային ընկերություններում։ Այնպես որ դա իրոք համաշխարհային պրեմիերա է։ Այն, որ Brilliant Classics ընկերությունը, որը հայտնի է նրանով, որ մեծ ուշադրություն է հատկացնում ձայնագրության որակին, համաձայնվել է սկավառակ թողարկել, Ձայնային ռեժիսոր Սերգեյ Գասպարյանի մեծ վաստակն է։ Ողջ ձայնային օպերատորական աշխատանքը նա կատարել  միայնակ Երեւանում։

Ինչո՞ւ է Ձեր ընտրությունը կանգ առել հենց այց շարքի վրա։

Այն ինձ համար բացահայտեց հիանալի դաշնակահար եւ երաժիշտ Արթուր Ավանեսովը։ Շարքը շատ գեղեցիկ է եւ բացի այդ, հետաքրքիր պատմություն ունի։

1916թ. Մելիքյանը մեկնել էր Թուրքիա՝ Վան, որպեսզի օգնություն ցուցաբերի 1915թ. Ցեղասպանությունից փրկված հայերին, եւ սկսեց զբաղվել ազգային մեղեդիների եւ թեմաների ձայնագրություններով։ Դրանց հիման վրա նա գրեց այս 8 ստեղծագործությունները եւ դրանով իսկ հավերժացրեց զոհված ազգի երաժշտական թեմաները։

Ռոմանոս Մելիքյանից բացի, Դուք ձայնագրել եք Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ Ինչպե՞ս է առաջացել դրանք բոլորը մեկ սկավառակի վրա ձայնագրելու գաղափարը։

Մանսուրյանին ես վաղուց էի ցանկանում ձայնագրել, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ նա շատ հայտնի եւ հաճախ ձայնագրվող կոմպոզիտոր է, պարզվում է, որ նրա կամերային վոկալ քնարերգության պաշտոնական ձայնագրությունները ուղղակի գոյություն չունեն։ Իսկ այդ ստեղծագործությունների գեղագիտական, մեղեդային եւ պատմական արժեքը ուղղակի հսկայական է։

Որքանով ինձ հայտնի է, Դուք սկավառակը ձայնագրել եք կոմպոզիտորի ղեկավարությամբ։ Ի՞նչ կասեք նրա հետ աշխատելու  մասին։

Մանսուրյանը շատ հետաքրքիր է նրանով, որ նրա ստեղծագործունեությունը շարունակում է ապրել եւ վերափոխվել։ Նրա բոլոր ստեղծագործությունները կենդանի են, թեպետ դրանցից շատերը գրվել են 60-ական թթ։ Այսօր նա նորովի է լսում դրանք եւ իր շատ կոնկրետ պահանջները հարմարեցնում է կատարող եւ նրա գործիքի երգապնակին։

Խոսենք Ձեր մասին... Ինչո՞ւ դուք ելույթներ չեք ունենում Երեւանում:

Դա բավականին սադրիչ հարց է։ Ասեմ այսպես։ 2013թ.-ից ես Երեւանում 3 սկավառակ եմ ձայնագրել։ Ինչ-որ պահի ես բռնկված էի համերգների գաղափարով եւ այստեղ հանդիպեցի մշակույթի տեղի գործիչների հետ։ Սակայն մոտիկից շփվելով այդ մարդկանց հետ եւ փորձելով կոնկրետացնել գոնե մեկ նախագիծ՝ պարզեցի, որ դրանց կատարումն այստեղ շատ է տարբերվում նրանից, ինչին ես սովոր եմ, իսկ ես սովոր եմ պայմանագրերի, ժամկետների, պարտականությունների եւ այլն։

Արտաքին գործոնները կարո՞ղ են ազդել ձեր աշխատունակության վրա, եւ ինչ է նշանակում Ձեզ համար ոգեշնչում:

Ո՛չ, դա հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է աշխատանքին, ես շատ հստակ եմ գործում, եւ դա ոչ մի բանից կախված չէ։ Ինչ վերաբերում է ոգեշնչմանը, դեռ Պուշկինը ասում էր. «Ոգեշնչումը ինքդ քեզ աշխատանքային վիճակի բերելու կարողություն է»։

Ի՞նչ կոմպլեքսներ են բնորոշ ձեր մասնագիտությանը։

Դասական երաժիշտ կատարողի մոտ կարելի է հաճախ նկատել «երկրորդականության» կոմպլեքսը։ Նա կարծես թե ստեղծագործ մարդ է, բայց ոչ կատարյալ «արարիչ», այլ ինչ-որ միջնորդ կոմպոզիտորի եւ ունկնդրի միջեւ։

Որոշ կատարողներ, կատարելով դասականների ստեղծագործությունները, դեռեւս մանկությունից բախվելով իրենց «երկրոդականությանը» եւ հասկանալով, որ դա իրենց դուր չի գալիս, փրկություն են գտնում ժամանակակից երաժշտության մեջ։ Դրանով նրանք ե՛ւ առաջին կատարողն են, ե՛ւ հաճախ առաջին ստեղծման մասնակիցները։ Դա նրանց մխիթարում է։

Ինչ վերաբերում է ինձ, ժամանակակից կենդանի կոմպոզիտորներից ես ձայնագրել եմ միայն Մանսուրյանին, իսկ առաջիկայում կլինեն Արթուր Ավանեսովի New Evil Songs-ի եւ Վալերի Վորոնովի «Սպիտակը» վոկալային շարքի ձայնագրությունները։

Ինչի՞ց եք դուք վախենում:

Երեւի թե նրանից, որ լիովին գոհ կլինեմ ինձնից եւ նրանից, ինչ ես անում եմ։ Դա կնշանակի, որ ես իմ հանդեպ օբյեկտիվ չեմ։

Զրուցեց Անի Աֆյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ