Համաշխարհային նավագնացությունը կարգավորող նախկինում սահմանված կանոնները դադարում են գործել, ինչը սպառնալիք է ներկայացնում միջազգային առևտրի համար։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով ծովային ոլորտի 18 երկրների գերատեսչությունների ոչ ֆորմալ միավորման՝ Consultative Shipping Group-ի (CSG) կարծիքին։
«Տասնամյակներ ի վեր մենք համաշխարհային առևտուրը կառուցել ենք այն համոզման վրա, որ նավերը կարող են ազատորեն հատել սահմանները։ Այժմ այդ սկզբունքը հայտնվել է ճնշման տակ», — պարբերականը մեջբերում է CSG-ն գլխավորող Դանիայի ծովային վարչության գլխավոր տնօրեն Բրիան Վեսելի խոսքերը։
Նավագնացության ոլորտը տասնամյակներ շարունակ պաշտպանված է եղել օրենքներով, որոնք երաշխավորում էին նավարկության ազատությունն ու առևտրային նավերի չեզոքությունը, իսկ այդ սկզբունքների խաթարումը լուրջ սպառնալիք է ստեղծում համաշխարհային առևտրի համար, կարծում է Consultative Shipping Group-ը։
«Համաշխարհային նավագնացությունը կարգավորող կանոնները դադարում են գործել պատերազմների և «ստվերային նավատորմի» ընդլայնման պատճառով, որը գործում է Արևմուտքի վերահսկողությունից դուրս», — զգուշացնում են աշխարհի խոշորագույն ծովային տերությունները։
CSG-ն ընդգծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Հորմուզի նեղուցի վերահսկողության համար պայքարը, համավարակը, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետևանքով ձևավորված «ստվերային նավատորմը» ոչ թե առանձին ցնցումներ են, այլ համակարգային/կառուցվածքային տեղաշարժերի ազդանշաններ։
Նման կտրուկ հայտարարությունն արվել է ծովային ոլորտի պառակտման և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցի՝ Միջազգային ծովային կազմակերպության (IMO) սահմանած չափորոշիչների քայքայման վերաբերյալ խորացող մտահոգությունների ֆոնին, եզրափակել է Վեսելը։





























