Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում,«ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել Դեբեդ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 21-ամյա Վ. Ս.-ն, ով հրաժարվել է հոսպիտալացումից եւ տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 40-ամյա Ա. Ս.-ն եւ պապը` 65-ամյա Վ. Ս.-ն:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:
Հրշեջ-փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են: Այսօր ժամը 07.05-ի դրությամբ Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները:





























