Տիգրան Առաքելյանի գործով եւս մեկ ձերբակալված կա: Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործով ձերբակալված է նաեւ Տիգրանի ընկերը՝ 30-ամյա Հայկը:
Նա նշեց, որ Տիգրանի դեմ հարուցված գործից որեւէ նորություն չկա, փաստաբանի անունն էլ դեռ չեն ցանկանում հրապարակել, ԱԱԾ-ն ամեն ինչ գաղտնի է անում, իրենց ոչինչ չեն հայտնում, տեսակցություններն էլ արգելված են: Մինչ օրս ընտանիքը պատկերացում չունի, թե ինչ տեսանյութերի համար է կալանավորված Տիգրան Առաքելյանը, այդ մասին նրանք տեղեկանում են լրատվամիջոցներից:
Տիգրան Առաքելյանի եղբայրը վստահեցրեց, որ վերջինս հաստատ ՀԱԿ-ից դուրս չի եկել, մինչդեռ ավելի վաղ ՀԱԿ անդամները մեզ հետ զրույցում նշել էին, որ Տիգրան Առաքելյանը առնվազն 2 տարի է՝ իրենց հետ կապ չունի : «Տիգրանը մոտ 2 ամիս է՝ Ռուսաստանում էր, արտադրամաս էին դրել ընկերներով, մոմից տարբեր բաներ էին սարքում, արդեն ուզում էին աշխատել, ֆորմաները կային: Հուլիսի վերջին էր, եկավ Հայաստան՝ մեզ տեսնելու, մի քանի օր անց ձերբակալեցին: Հետո իր հետ աշխատող ընկերը՝ Հայկը եկավ, նրան էլ բռնեցին»,- ասաց Հունան Առաքելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրել ԱԱԾ-ն՝ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե նրան ձերբակալել են Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:





























