Սինայի թերակղզում А321-ի ավիաաղետից զոհվածների մասունքների գենետիկական փորձաքննությունն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինի մամուլի ծառայությունը:
«Ավարտվել է ահաբեկչության զոհերի` Եգիպտոսից բերված մասունքների գենետիկ փորձաքննությունը, Մոսկվայի Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում կատարվել են գենետիկական նյութի ստուգման եւ մոլեկուլյար-գենետիկ նույնականցման հիմնական աշխատանքները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն նախապատրաստել եւ շտաբին է փոխանցել օրացուցային գրաֆիկը, որի համապատասխան զոհվածների ազգականները քննչական մարմինների կողմից կհրավիրվեն քննության նյութերին ծանոթանալու եւ հուղարկավորության փաստաթղթերի ձեւակերպման համար:
Հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում, օդանավի 217 ուղեւորն ու անձնակազմի յոթ անդամները զոհվել էին:




























