Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանն արդեն դուրս է գրվել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի տնօրեն, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, որն էլ հունվարի 23-ին գնացել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարան եւ որոշել հոսպիտալացնել բժշկուհուն:

«Շուշանիկ Բախշյանի վիճակն արդեն նորմալ է, նա դուրս է գրվել»,- ասաց Արա Ասոյանը:

Մեր հարցին, թե իսկապես բժշկուհու մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել, Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստն արձագանքեց. «Իհարկե, երեք անգամ ռենտգեն ենք արել»:

Արա Ասոյանի խոսքով՝ հնարավոր է մի քանի օրում ապաքինվել երկկողմանի թոքաբորբից եւ դուրս գրվել:

Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության. մահացած ծննդկանի հարազատներն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չեն հավատում, որ Շուշանիկ Բախշյանն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով միջնորդել էին նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել: