Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, NEWS.am-ին տեղեկացրին Վանաձորի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում, նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, գիտակցության բերել, անմիջապես վիրահատել են ու Երեւանից հրավիրված «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել Երեւան:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ տուժածը վնասվածքն ստացել է սրունքի հատվածում, վնասվել են գլխավոր զարկերակները եւ չի բացառվում, որ նրա ոտքը կանդամահատեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: